ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվել է Սլովենիայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում։
Ուկրաինացիներն ավելի ուժեղ գտնվեցին առաջին երկու տախտակների վրա` Գաբրիել Սարգսյանը սևերով պարտվեց Անտոն Կորոբովին, Հայկ Մարտիրոսյանը` սպիտակներով Անդրեյ Վոլոկիտինին։ Սամվել Տեր–Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ–ոքի խաղացին։
Սա այս մրցաշարում հայկական թիմի առաջին և միակ պարտությունն էր։ Մեր գրոսմայստերներն արդյունքում 12 միավորով զբաղեցրին 7-րդ տեղը։
Եվրոպայի չեմպիոն դարձան ուկրաինացիները։ Երկրորդ տեղը գրավեց Ֆրանսիան` Ադրբեջանի նկատմամբ հաղթանակ գրանցելով վերջին տուրում։ Բրոնզը բաժին հասավ Լեհաստանի թիմին, որը լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեց Իսպանիային։
Հիշեցնենք, որ թիմային մրցումներում երկար տարիներից հետո առաջին անգամ տղամարդկանց թիմի կազմում հանդես չէր գալիս Լևոն Արոնյանը։ Թիմը գլխավորել էր գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։ Թիմի կազմում խաղացին նաև Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր–Սահակյանն ու Հովհաննես Գաբուզյանը։ Եվրոպայի թիմային առաջնությունն անցկացվեց Սլովենիայի Չատեժ–օբ–Սավի քաղաքում նոյեմբերի 12-21–ը։