ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Բրիտանացի, ավստրալացի, չինացի և այլ երկրների գիտնականներն ապացուցել են COVID-19 –ի դեմ պայքարում դիմակների արդյունավետությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գիտնականները 6 հետազոտություն են իրականացրել, որպեսզի պարզեն, թե ինչպես են կանխարգելիչ քայլերը` օրինակ` դիմակ դնելը, սոցիալական հառավորություն պահպանելը և մնացած միջոցառումներն ազդում COVID–19-ի իրավիճակի վրա:
«Ընդհանուր վերլուծությունը ցույց է տվել հիվանդացության 53 տոկոսի նվազում, թեև առանձին հետազոտությունների արդյունքների միջև տարբերությունը զգալի է եղել»,– ասված է British Medical Journal գիտական հանդեսում հրապարակված զեկույցում:
Հետազոտություններին մասնակցել է ավելի քան 400 հազար մարդ, նրանցից 2,5 հազարն այդ պահին հիվանդ է եղել COVID-19-ով:
Գիտնականների խոսքով՝ պատվաստանյութերի մեծ մասը, չնայած անվտանգությանն ու արդյունավետությանը, չեն ապահովում կորոնավիրուսից 100 տոկոսանոց պաշտպանություն, ուստի պատվաստումից հետո էլ պետք է շարունակել դիմակներ դնել, պահպանել սոցիալական հեռավորությունը և հաճախակի լվանալ ձեռքերը: