ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Լատվիայում հանրային միջոցառումների ժամանակ Գեորգիևյան ժապավեն կրելու արգելքը վատ լույսի ներքո է ներկայացնում հենց Ռիգային, ոչ թե ժապավեն կրող վետերանին։ Հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Լատվիայի Սեյմը պաշտոնապես արգելել է Գեորգիևյան ժապավեններ կրել երկրի տարածքում։ Այնտեղ հիմա Հայրենական մեծ պատերազմը տեսած ու մասնակցած ավելի քան 4000 մարդ է ապրում։
«Այդ գործողությունների իմաստն ու ենթատեքստը միանգամայն բացատրելի են։ Չնայած պատմություն իմացող մարդը դժվար թե հասկանա այդ բացատրությունները, բայց հաշվի առնելով նման քաղաքականություն վարողների տրամաբանությունը` իրավիճակը կարելի է բացատրել։ Բալթյան Հանրապետությունը ներկայիս վարչակազմի օրոք իր քաղաքական ու իրավական շատ որոշումներում հենվում է միջազգային իրավական սկզբունքներին ուղղակիորեն հակասող հիմքերի վրա, խոսքն այդ թվում խտրականության արգելքի մասին է»,- ասել է Զախարովան «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ում կայացած ասուլիսում՝ մեկնաբանելով Լատվիայում Գեորգիևյան ժապավեններն արգելելու հարցը:
Նա հավաստիացրել է, որ ռուսական կողմը պատմական ճշմարտությունը կպաշտպանի միջազգային բոլոր հարթակներում։
«Այդ խորհրդանիշներն ապրում են քաղաքական գործիչների գաղափարախոսություններից կամ նեղ շահադիտական հայեցակարգից դուրս, այդ խորհրդանիշներն արտահայտում են ուրիշների կյանքի ու բարօրության համար կրած տառապանքները... Երբեք որևէ մեկը չի կարողանա արգելել Մեծ հաղթանակի գաղափարը», - ասել է նա։
Ամեն տարի մայիսի 9-ին հազարավոր մարդիկ հավաքվում են Ռիգայի ազատամարտիկների հուշարձանի մոտ, որպեսզի տոնեն Հաղթանակի օրը։ Շատերը գալիս են Գեորգիևյան ժապավեններով:
«Գեորգիևյան ժապավեն» ակցիան նվիրված է Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա տոնակատարությանը: Ակցիայի գաղափարը ծագել է 2005 թվականին ՌԻԱ Նովոստի գործակալությունում, որն այժմ ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ում։ Այդ ժամանակ էլ տեղի է ունեցել առաջին ակցիան, և այդ ժամանակից ի վեր մայիսի 9-ի նախօրեին ժապավեն կապելն ավանդույթ է դարձել։
Ընդ որում՝ Լատվիայում ամեն տարի անցկացվում են Նյուրնբերգյան տրիբունալի կողմից հանցավոր ճանաչված SS-կազմակերպության լեգեոներների երթեր, որոնց ընթացքում հրապարակավ ցուցադրվում են նացիստների պարգևներն ու խորհրդանիշները։ Բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը դատապարտում են այդ երթերը, որոնց նաև պատգամավորներ ու պաշտոնյաներ են մասնակցում։