ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական վերջին հարձակումներից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է գերեվարված ՀՀ զինծառայողների վերաբերյալ տեսանյութերի ուսումնասիրություն, ադրբեջաներենից թարգմանություն ու նույնականացում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` նշելով, որ այս պահին խոսքը 21 տեսանյութի և 6 լուսանկարի մասին է:
«Մենք կապի մեջ ենք գերության մեջ գտնվող ՀՀ զինծառայողների ընտանիքների հետ»,– Facebook-ի իր էջում գրել է նա։
Ըստ Թաթոյանի` նշված նյութերը՝ որպես հավաստի ապացույցներ, պատշաճ կհետազոտվեն և կփոխանցվեն ինչպես միջազգային, այնպես էլ հայաստանյան կառույցներին՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձին հարցում օգտագործելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ զինծառայողի կամ քաղաքացիական անձի գերության մեջ լինելու փաստը պետք է արձանագրել այն պահից, երբ, օրինակ, տեսանյութով պարզվում է, որ նա ադրբեջանական զինված ուժերի կամ իշխանությունների վերահսկողության ներքո է:
«Այս դեպքում չհաստատելը նրանց չի ազատում պատասխանատվությունից: Նախկինում բազմաթիվ են եղել են դեպքերը, երբ տեսանյութերով հաստատվել է գերության փաստը, բայց ադրբեջանական իշխանությունները դա չեն հաստատել»,– եզրափակել է Թաթոյանը:
Հիշեցնենք, որ ըստ պաշտպանության նախարարության` նոյեմբերի 16-ին Ադրբեջանի գործողությունների հետևանքով 13 զինծառայող է գերեվարվել։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ գերեվարված զինծառայողների թիվն իրականում 13 չէ. անհետ կորածների մեծ մասը գերեվարվածներ են։