«Երկրի անվտանգությունն ամեն մեկիս ձեռքում է». Երևանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են

Բողոքի ակցիա Մյասնիկյան պողոտայում
Միաժամանակ բողոքի ակցիաներ են ընթանում Երևանի Տիգրան Մեծ, Բաղրամյան, Արշակունյաց, Մյասնիկյան պողոտաներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Այսօր առավոտյան Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը գրեթե փակ էր։ Որոշ կուսակցություններ, անհատներ, հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիաներ են իրականացնում` ժողովրդին արթնացնելու, փողոց դուրս բերելու և հայրենիքն այս իրավիճակից փրկելու համար։
Sputnik Արմենիայի թղթակիցը հաղորդում է, որ ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանն իր խմբով բողոքի ակցիա է իրականացնում Արշակունյաց պողոտայում։ Ավելի վաղ նա Facebook–ի իր էջում նա գրել էր, որ մեկնարկել է ազատագրական շարժումը։
Բողոքի ակցիա Մյասնիկյան պողոտայում
«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.
– կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
– թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
– պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է` Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ»,–գրել է նա։
Զոհրաբյանը նաև տեղեկացրել է, որ նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում են Երևանի Հանրապետության հրապարակում` տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը։
Մյասնիկյան պողոտան փակել էին ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի և «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նախաձեռնությամբ։ Նրանք ևս պահանջում են ոտքի կանգնել և տեր կանգնել մեր իրավունքներին։ Բողոքի ակցիայի մասնակիցները ձեռքներին բռնել են «Ես անտեր չեմ», «Ես անտարբեր չեմ» գրությամբ պաստառներ։
Բողոքի ակցիա Մյասնիկյան պողոտայում
Լրագրող, հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը` իր կողմնակիցների հետ ևս բողոքի ակցիա է իրականացնում Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա։ Նա Facebook–ի իր էջում ուղիղ եթերով ներկայացնում է կատարվողը։ Նրանք «Ոտքի ել», «Անտարբեր մի եղիր», «Ազատագրական պայքար» պաստառներ ունեն։ Մասնակիցները բողոքում են. «Թույլ չենք տա, որ միջանք տրամադրեն թշնամուն»։
Ոստիկանները փորձում են ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ։ Վերջիններս փորձում են ոստիկաններին բացատրել, որ եթե երկիրը կորցնենք, իրենք այլևս աշխատանք չենք ունենա։ Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ այսօր ժամը 17։00–ին հավաքվում են Հանրապետության հրապարակում` իրենց դիրքորոշումը լիարժեք արտահայտելու։
«5165» կուսակցության նախագահ Կարին Տոնոյանը ևս Facebook–ի իր էջում գրել է, որ այսօր ժամը 14։00–ին սկսում են իրենց պահանջ–հավաքը։ «Հարգելի ընկերներ, մեր պահանջը վարչապետին ներկայացնելով, հետո բոլորով գնում և մեր խաղաղ պահանջը ներկայացնում ենք նախագահին, այնուհետ գնում ենք ԱԺ, ապա ժամը 17.00 միանում Հանրապետության հրապարակի հավաքին։ Այլևս միասին է լինելու պայքարը։ Շեշտել ենք՝ սա վերկուսակցական շարժում է. հանուն հայոց բանակի, հայ զինվորի և Հայաստանի»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20–ին պարզ դարձավ, որ Երևանը համաձայնություն է տվել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման անցկացմանը: