ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դռնբաց նիստով այսօր պետք է սկսվեր վրեժխնդրության շարժառիթով սպանության և սպանության փորձի կասկածանքով ձերբակալված, Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի բնակիչ, 34-ամյա Հրաչյա Թամոյանի գործով դատական նիստը: Այն, սակայն, չկայացավ:
Նախագահող դատավոր Նարեկ Բեգլարյանի կողմից նիստը հետաձգեց՝ հաշվի առնելով ամբաստանյալին ուղեկցող ջոկի հրամանատարի պաշտոնակատարի պարզաբանումը, համաձայն որի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով իրենք չեն կարող ամբաստանյալին ներկայացնել դատարան: Նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանց ամբաստանյալի ներկայության գործի քննությունը չի կարող ընթանալ, դատարանը որոշում է դատական նիստը հետաձգել։ Հաջորդ դատական նիստի վերաբերյալ կողմերը կտեղեկացվեն լրացուցիչ»,-նշեց դատավորը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Թամոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մարտի 15-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, առանձին դաժանությամբ սպանել է Ռաֆիկ Մնացականյանին, նրա ազգական Արմեն Տոնոյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Ռաֆիկ Մնացականյանին օգնության հասած կնոջը՝ Անուշ Սարդարյանին:
Սպանությունից առաջ Հ. Թամոյանի հայրն ու եղբայրը ողբերգական ավտովթարի զոհ էին դարձել։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Հրաչյա Թամոյանը, համոզված լինելով, որ ավտովթարի մեղավորը նրանց տեղափոխած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Գյումրի քաղաքի բնակիչ Ռաֆիկ Մնացականյանն է, ցանկացել էր նրանից վրեժխնդիր լինել։
Սպանությունից հետո Հրաչյա Թամոյանը դիմել էր փախուստի:
Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների, վերջին ամիսներին սա միակ նիստը չէ, որ հետաձգվում է կալանավորներին ժամանակին դատարան չհասցնելու պատճառով. ոստիկանությունը նախկին 3 մեքենաների փոխարեն ընդամենը 1 ավտոմեքենա է հատկացրել ամբաստանյալներին դատարաններ տեղափոխելու համար, որը բավարար չէ։