ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Հանրապետության հրապարակում շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց, որ հավաքվածներից ոչ մեկի նպատակը իշխանության գալը կամ իշխանափոխությունը չէ։
«Մենք չենք ուզում մեկին փոխարինել մյուսով, այլ մեր երկրին տեր ենք կանգնում։ Մենք այստեղ հավաքվում ենք, որպեսզի այն զինվորը, որ սահմանին կյանքի ու մահու կռիվ է տալիս, գա հետ ու առօրյա հոգսերով ապրելու իր երազանքը իրականացնի», - ասաց նախկին պատգամավորը։
Հովսեփյանի խոսքով՝ հրապարակում ամեն օր անցկացվելիք բողոքի ակցիան վերիշխանական է լինելու։ Նախկին պատգամավորը հույս հայտնեց, որ մարդկանց քանակն ամեն օր կավելանա։
«Եթե մենք ավելի փոքր հավաքով ստիպեցինք, որ վարչապետը լայվով վաղը հանդես գա, եթե ավելի շատ լինենք, նա փաստաթուղթն էլ կգաղտնազերծի։ Ուստի սպասում ենք ձեզ։ Վաղը ժամը 13-ից մենք շարժվելու ենք Պոլիտեխնիկական համալսարանից, շրջելու ենք բուհերով, ապա ժամը 17-ին նորից գանք հրապարակ։ Բողոքելու փոխարեն միացեք մեզ, պահանջատեր եղեք», - ասաց նա։
Հիշեցնենք` նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններով, որոնք, վարչապետի խոսքով, ընդունելի են Հայաստանի համար։ Նոյեմբերի 20–ին պարզ դարձավ, որ Երևանը համաձայնություն է տվել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման անցկացմանը:
Այսօրվա բողոքի մասնակիցները պահանջում են, որ կառավարությունը գաղտնազերծի դեկտեմբերի 15–ին ստրագրվելիք փաստաթղթի բովանդակությունը և ադրբեջանական կողմին միջանցքներ կամ տարածքներ չտրամադրի։