ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի ԱԺ նախագահ Ռիշար Ֆեռանի հետ հանգամանորեն քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին օրեր առաջ տեղի ունեցած Ադրբեջանի սադրիչ գործողությունները, ինչի հետևանքով կան զոհեր, գերեվարված հայ զինծառայողներ և անհետ կորածներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովի կայքից։
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Փարիզում է գտնվում աշխատանքային այցի շրջանակներում։
«Ալեն Սիմոնյանը նշել է, որ վերջին հարձակումը ՀՀ տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ: ԱԺ նախագահի խոսքով՝ սա հարձակում էր նաև ժողովրդավարության վրա»,– ասված է հաղորդագրության մեջ:
Քննարկման առանցքում են եղել 44-օրյա պատերազմին հաջորդած իրադարձությունները, Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանն ուղղված մարտահրավերները: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիային՝ Ադրբեջանում որպես պատանդ պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերադարձի, արցախահայ փախստականների իրավունքների, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերում իշխանության տարբեր թևերի ղեկավարների, ինչպես նաև հանրային գործիչների ցուցաբերած մեծ ուշադրության համար:
Սիմոնյանը հատկանշական է համարել Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից 2020թ. դեկտեմբերի 3-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված «Եվրոպայի և Արևելքի քրիստոնեական համայնքների և հայ ժողովրդի պաշտպանության մասին» բանաձևը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Ֆրանսիան եղել և մնում է Հայաստանի բարեկամը՝ անկախ աշխարհագրորեն հեռու լինելուց:
Կողմերը գոհունակությամբ փաստել են միջխորհրդարանական համագործակցության ամրությունը՝ առանձնացնելով Հայաստանի և Ֆրանսիայի օրենսդիր մարմինների բարեկամության խմբերի դերը: Ընդգծվել է նաև երկու երկրի միջև տարբեր ոլորտներում համագործակցության շարունակականության և ընդլայնման գործում:
Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հրավերով: Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցելու է Ֆրանսիայի Սենատի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվելիք «Հայաստանը մեկ տարի անց» խորագիրը կրող համաժողովին: