ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Սլովենիայում անցկացվող շախմատի՝ տղամարդկանց և կանանց Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 3,5-0,5 հաշվով հաղթանակ տարավ Սերբիայի նկատմամբ։
Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Գաբրիել Սարգսյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի։
Այս հաղթանակի շնորհիվ մեր ընտրանին վաստակեց 12 միավոր և այժմ առաջատարների թվում է։
Հայաստանի կանանց հավաքականը 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց Լիտվայի հետ։ Միակ հաղթանակը տոնեց Էլինա Դանիելյանը։ Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ Աննա Սարգսյանը պարտվեց։
Հիշեցնենք, որ մրցաշարը կավարտվի այսօր` նոյեմբերի 21-ին։