Ռուսական ինքնաթիռները «Էրեբունի» օդանավակայանում պատրաստ են կատարել խնդիրները․ հրամանատար

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Երևանի «Էրեբունի» ավիաբազայում գտնվող ռուսական ինքնաթիռները պատրաստ են ըստ նշանակության խնդիրների կատարմանը։ Այդ մասին «Русские витязи» ավիաշոուից հետո լրագրողներին հայտնել է «Էրեբունի» օդանավակայանում ՌԴ Օդատիեզերական ուժերի ռազմակայանի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը։
«Մենք շատ ակտիվ համագործակցում ենք նաև ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության, ինչպես նաև Էրեբունիում տեղակայված գնդերի հրամանատարների և Գյումրիի օդանավակայանի գնդի հրամանատարի հետ»,-ավելացրել է նա։
«Վիտյազներ» ավիախումբը բարձրագույն պիլոտաժի հնարքներ է ցուցադրում Երևանի երկնքում
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ուսումնական թռիչքների ընթացքում թուրքական կողմից չեն տեսնում հայ կամ ռուս օդաչուներին, ժպտով պատասխանում է․ «Իհարկե տեսնում են։ Բայց մեզ մոտ այնպիսի հիանալի պիլոտաժ է, որ ով էլ տեսնում է, միայն հաճույք է ստանում»։
Խոսելով այսօրվա ավիաշոուի մասին, նա նշեց, որ «Русские витязи» օդաչուական խումբը Երևանում կանգ է առել Դուբայում ավիասալոնին մասնակցելուց հետո։ Մերձմոսկովյան Կուբինկա օդանավակայանի ճանապարհին նախատեսվում էր վայրէջք կատարել՝ վերալիցքավորման և հանգստի համար:
«Այդ ժամանակ էլ որոշվեց երևանցիներին նվեր մատուցել։ Եղանակը հիանալի է, պիլոտաժը կատարյալ է, ինչպես միշտ»,-ավելացրել է ռազմական օդաչուն։
Երևան ժամանած«վիտյազների» (թրգմ․՝ դյուցազն) մեծ մասը Վոլգոգրադի Կաչինսկի թռիչքային ուսումնարանի շրջանավարտներ են․ դա հին ուսումնական հաստատություն է՝ փառահեղ պատմությամբ, որը Խորհրդային Միության մի քանի հերոս և տիեզերագնաց-օդաչուներ է տվել։
Նշենք, որ այսօրվա շոուի ընթացքում «Русские витязи» ավիախումբը կրկնել է Դուբայի ավիասալոնի ծրագիրը ամբողջ օղակով ցուցադրելով ցրումներ, իջեցումներ և բարձրագույն պիլոտաժի ֆիգուրներ։