Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկի մասին վաղ է խոսել, քանի դեռ միջազգայնորեն չի ամրագրվել, թե ինչպես է կազմակերպվելու Արցախի կարգավիճակի հետագա քննարկումների գործընթացը, որոնք են լինելու այդ քննարկումների սկզբունքները և նպատակները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը։
«Մենք Արցախի խնդիրը պետք է ամբողջությամբ հասկանանք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի լիարժեք վերականգմամբ, այս ուղղությամբ պետք է արվեն համապատասխան ճշտումները, հայտարարությունները, հետո նոր անցնեն սահմանազատման, սահմանագծման աշխատանքներին»,- ասաց նա։
Իսկ առանց այդ ճշտումների սահմանագծման անցնել նշանակում է Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել։ Զաքարյանի խոսքով` առանց այն էլ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Հայաստանն այսօր հայտնվել է խոցելի իրավիճակում։ Այսպես շարունակելու դեպքում ՀՀ-ն ի վիճակի չի լինի պաշտպանել իր շահերը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունն ու տարածքների անձեռնմխելիությունը։
Նախկին փոխնախարարի կարծիքով` Փաշինյանի կաբինետն արդեն ձեռքերը լվացել է Արցախից, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ վաղն էլ Հայաստանն է հանձնվելու Թուրքիային և Ադրբեջանին։
Նշենք, որ նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ՊՆ-ն դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով։ Փաշինյանը նշել էր` այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են։