Ադրբեջանի հերթական սադրանքը ՅՈւՆԵՍԿՕ-ում․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Շուշիի վերաբերյալ նախաձեռնության մասին

Պաշտոնական Բաքուն, ինչպես նշում են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, մշտապես քաղաքականացնում է ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակներում մշակութային ծրագրերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանի հայտարարությունները Շուշին «ՅՈւՆԵՍԿՕ-ի ստեղծագործական քաղաքների ցանցում» ընդգրկելու վերաբերյալ հերթական սադրանքն են, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտարարել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը մտադիր է ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը փաստաթղթեր ներկայացնել՝ Շուշին «ՅՈւՆԵՍԿՕ-ի տեղծագործական քաղաքների ցանցում» ընդգրկելու համար։
Վտանգված հուշարձանների պահպանություն. Երևանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո ամբիոն կբացվի
ԱԳՆ-ում հայտարարել են, որ այս պահին Ադրբեջանի կողմից նման հարցում ուղարկելու մասին տեղեկատվություն չկա:
Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին և պաշտոնյաների հայտարարություններին, ապա Բաքուն մշտապես քաղաքականացնում է մշակութային ծրագրերը ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակներում, հանդես է գալիս տարբեր սադրիչ նախաձեռնություններով:
«Այդ առումով բացառություն չէ նաև Շուշին «ՅՈւՆԵՍԿՕ-ի ստեղծագործական քաղաքների ցանցում» ընդգրելու հայտի վերաբերյալ հայտարարությունը»,-ասվում է պարզաբանման մեջ։
Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի անդամ
ԱԳՆ-ից հայտնեցին նաև, որ Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքում հայկական մշակութային և կրոնական արժեքների պատշաճ պահպանման հարցը գտնվում է գերատեսչության ուշադրության կենտրոնում:
Այս առումով աշխատանքներ են տարվում, մասնավորապես, ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ՝ հայկական պատմամշակութային ժառանգության էության ոչնչացումն ու խեղաթյուրումը կանխելու համար։