Շնորհակալություն հյուրընկալության համար․ Կարեն Խաչանովը գոհ է հայաստանյան ուղևորությունից

Հայտնի թենիսիստը հասցրել է շրջել Հայաստանով։ Նա ջերմ ընդունելության է արժանացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը մի քանի լուսանկար է հրապարակել Instagram-ում և գրել է Հայաստան կատարած այցի մասին:
«Հայաստանյան ուղևորությունս ավարտվեց։ Մենք շատ հետաքրքիր ու հագեցած ծրագիր ունեինք։ Հաջողվեց շրջել գրեթե ամբողջ երկրով և այցելել Էջմիածին, Զվարթնոց, Սևանավանք, Հաղարծին, Հաղպատ, Ախթալա, Նորավանք ու Տաթև։ Եղանք նաև Դիլիջանում, Գյումրիում, Լոռիում, Արենիում, Գորիսում ու Երևանում։ Շատ ուրախ եմ, որ կարողացա վերջապես ժամանակ գտնել ու իրականացնել այս ուղևորությունը։ Ընդունելությունը շատ ջերմ էր ու անչափ հաճելի։ Շնորհակալություն, Հայաստան, քո հյուրընկալության համար: Մինչ նոր հանդիպումներ», - գրել է մարզիկը Instagram–ում և ավելացրել # НеЗабывайСвоиКорни (արմատներդ մի մոռացիր) հեշթեգը։
Նշենք, որ թենիսիստը Հայաստան էր եկել կնոջ հետ։
Կարեն Խաչանովը Տոկիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, ATP-ի չորս մրցաշարերի հաղթող, մենախաղում աշխարհի նախկին ութերորդ ռակետը։