ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը երեկոն անցկացրել է երևանյան «Մալխաս» ջազ ակումբում: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» թերթը։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Միշուստինն ինքն է ցանկություն հայտնել լսելու հայ հայտնի ջազմեն Մալխասի ստեղծագործությունները կենդանի կատարմամբ։
«Մալխասի (Լևոն Մալխասյանի) կատարումները հայտնի են ռուսական էլիտայից շատերին, և հաճախ են ռուսական պաշտոնյաները հյուրընկալվում Թումանյան փողոցի վրա գտնվող ջազ ակումբում: Իսկ ինքը՝ ՌԴ կառավարության ղեկավար Միշուստինը, գուցե քչերին է հայտնի, բայց ռուսական էստրադայի մի շարք հայտնի կատարողների համար երգեր է հեղինակել։ Նա, բացի տեխնոկրատ լինելուց, նաև մշակութային կերպար է»,– գրում է օրաթերթը:
Հիշեցնենք` Միշուստինը Հայաստան է եկել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում։