ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցներից մեկն ու Պետական սահմանապահ ծառայության ենթասպան ականի վրա պայթել են Կովսականում (Զանգելան)։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով գլխավոր դատախազությանը։
Կովսական գործուղված ANAMA–ի աշխատակից Վագիֆ Բաբաևը (ծնված 1972 թ.) և պետական սահմանապահ ծառայության ենթասպա Ռենատ Աղաբաբաևը (ծնված 1999 թ.) նոյեմբերի 19-ին ականի վրա պայթել են զինամթերքի որոնման աշխատանքների ժամանակ։
Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Հաղորդվում է, որ Բաբաևը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Փաստի առթիվ դատախազությունում հետաքննություն է ընթանում։