ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արայիկ Սերգեյի Գրիգորյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Տեղեկությունը հայտնում են ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության` Արայիկ Գրիգորյանը «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացել է Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած անձնական արիության համար։ Արցախի նախագահը նրա հարազատներին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը։
Նշենք, որ բացի Գրիգորյանից, ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ ևս հետմահու արժանացել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների:
Երկրի ղեկավարը նախագահական նստավայրում այսօր՝ նոյեմբերի 20-ին, ընդունել է նրանց հարազատներին` խոնարհումի ու երախտիքի խոսքում ընդգծելով, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում ԱԱԾ աշխատակիցների ունեցած դերակատարությունն անգնահատելի է: