Ադրբեջանի ՊՆ–ին մտահոգել են սոցցանցերում հրապարակված լուսանկարներն ու տեսագրությունները

Ադրբեջանցի զինծառայող
Ադրբեջանի ՊՆ–ն բանակից հեռացրել է գաղտնիք պարունակող տեղեկություններ տարածած կամ դրանց հետ առնչություն ունեցող զինծառայողներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ԶՈւ ղեկավար կազմի մասնակցությամբ ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում վերլուծել են Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանին տիրող իրավիճակն ու վերջին բախումները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մտահոգություն է հայտնել, որ նոյեմբերի 16–ին հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողության վերաբերյալ ոչ պաշտոնական լուսանկարներ ու տեսանյութեր են տարածվել սոցցանցերում։
Ըստ գերատեսչության հաղորդագրության` ՊՆ հրամանատարությունը բացահայտել և բանակից հեռացրել է գաղտնիք պարունակող տեղեկություններ տարածած կամ դրանց հետ առնչություն ունեցող զինծառայողներին:
Գործով հավաքված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Դավիթի եղբայրը տեսանյութ էր տեսել` նա վիրավոր էր. համայնքապետը` օրերս զոհվածի մասին
Նոյեմբերի 19-ին ՊՆ-ից տեղեկացրին, որ նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ՝ 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։