ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Վրաստանը չի մասնակցի «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի նախագծին, համարելով, որ այն աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Այս մասին, խորհրդարանում ելույթ ունենալիս, հայտարարել է փոխվարչապետ, Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։
«Ես հանդիպումներ եմ ունեցել ինչպես թուրք, այնպես էլ ադրբեջանցի գործընկերների ու հայ գործընկերոջ հետ։ Նաև այն ժամանակ, երբ Իրանի արտգործնախարարը Վրաստանում էր։ Մեր դիրքորոշումը պարզ է նրանց», – ասել է Զալկալիանին։
Նրա խոսքով` Թբիլիսին չի մասնակցի նման աշխարհաքաղաքական նախագծին։ Հիմնական պատճառը Ռուսաստանի մասնակցությունն է։ Զալկալիանին պարզաբանել է, որ այդ մասին խոսել է թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Միևնույն ժամանակ նա կարծում է, որ այլընտրանք կարող է դառնալ իրենց առաջարկած ձևաչափը` Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ երեքի հարթակը։
«Մենք չունենք ամբիցիաներ, որպեսզի մեր հարթակի շրջանակում քննարկենք քաղաքական բնույթի կամ սահմանազատմանն ու սահմանագծմանն առնչվող հարցեր։ Խոսք կարող է լինել միայն ենթակառուցվածքային հարցերի, տնտեսական, տրանսպորտային նախագծերի մասին», – ասել է Զալկալիանին։
Նա պարզաբանել է, որ կարող են քննարկվել նաև նավահանգիստների աշխատանքին, լոգիստիկային, երկաթուղային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր, այսինքն հարցերի լայն շրջանակ։
Վրաստանի արտգործնախարարը նշել է, որ իրենց նպատակը հարևաններին այնպիսի տնտեսական նախագծեր առաջարկելն է, որոնք թույլ կտան թուլացնել լարվածությունը տարածաշրջանում, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում խաղաղություն հաստատել ։
«3+3» ձևաչափը Հարավային Կովկասի երկրների և դրանց հարևանների` Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցություն է ենթադրում։ Այն ստեղծելու առաջարկ են արել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։