ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. «Կոբալտ-2021» պայմանական անվանումով ՀԱՊԿ Oպերատիվ արձագանքման հատուկ ուժերի հատուկ նշանակության կազմավորումների մարտավարական վարժանքը անցկացվել է նոյեմբերի 17-19-ը Տաջիկստանի «Ֆահրաբադ» բազայում: Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ կայքը։
Ակտիվ փուլին, որը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին, մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Ամփոփելով զորավարժության արդյունքները՝ Սեմերիկովը կարևորել է նման միջոցառման անցկացումը ՀԱՊԿ հավաքական ուժերի կազմի մեջ մտնող զորամասերի և ստորաբաժանումների պատրաստման ընդհանուր համակարգում:
«Զորավարժությունը ևս մեկ անգամ ցույց տվեց ՀԱՊԿ-ի անդամ պետությունների, ինչպես նաև Տաջիկստանի և Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների օպերատիվ-մարտական պատրաստության բարձր մակարդակը» – ասել է նա:
Հատուկ ստորաբաժանումների ուժերի ու միջոցների գործողությունների մշակումն իրականացվել է իրական ժամանակի ռեժիմով:
Վարժանքների ակտիվ փուլում կազմակերպության անդամ պետությունների ներքին գործերի, ազգային գվարդիայի, հակաթմրամիջոցային գերատեսչությունների ու հատուկ ծառայությունների հատուկ ստորաբաժանումները սերտորեն համագործակցելով Տաջիկստանի ԶՈւ, սահմանապահ զորքերի և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների ու քաղպաշտպանության կոմիտեի ստորաբաժանումների, ինչպես նաև 201-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողների հետ, ուսումնավարժական խնդիրներ են լուծել:
Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների համահավաք օպերատիվ-մարտական խմբերի գործնական գործողությունների խաղարկումը՝ ուղղված ապօրինի կերպով պետական սահմանը հատած ավազակային կազմավորումների ու դրանց ղեկավարների «ոչնչացմանը» (չեզոքացմանը):
Ուսումնական խնդիրների լուծման համար գործի են դրվել զրահատեխնիկա, հատուկ ավտոտրանսպորտ, անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև մարտական ու տրանսպորտային ուղղաթիռներ:
Զորավարժության ավարտին մանրամասն վերլուծություն ու արդյունքների ամփոփում է արվել։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը: