ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի սահմանային իրավիճակի ներկայիս սրացումը այլ երկրներում ազգամիջյան բախումների չի հանգեցրել։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Սինանյանը հույս է հայտնել, որ հետագայում էլ հնարավոր կլինի խուսափել բախումներից։
«Ի տարբերություն նախորդ տարվա ռազմական գործողությունների (արցախյան դեպքեր. խմբ)` այս անգամ մենք տեղեկություն չունենք, որ հայերի ու ադրբեջանցիների միջև ինչ-որ վիճաբանություններ են տեղի ունեցել։ Մենք շահագրգռված չենք, որ այդ հակամարտությունն այլ տեղ տեղափոխվի», – ասել է Սինանյանը։
Նշենք, որ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը այցով գտնվում է Ռուսաստանում: Նոյեմբերի 18-21-ը Սինանյանը կլինի Մոսկվայում, նոյեմբերի 21-ին՝ Տվերում, նոյեմբերի 21-24-ին՝ Սանկտ Պետերբուրգում, նոյեմբերի 24-26-ին ՝ Պերմում: Նա հանդիպումներ կունենա համայնքային կազմակերպությունների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների և լրագրողների հետ։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Նույն օրը ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից մեկ այլ զինծառայողի` Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։