ՊՆ–ն հերքում է լուրը, թե բարձրաստիճան զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր

Հայաստանի պաշտպանական գերստեսչությունը ևս մեկ անգամ հորդորում է կեղծ տեղեկություններ չտարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունն այն մասին, թե իբր բարձրաստիճան սպաներին արգելել են բարձրանալ Սյունիքի մարզի դիրքեր, որտեղ նոյեմբերի 16-ին մարտեր են ընթացել Ադրբեջանի ԶՈւ-ի դեմ:

«Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածում, թե իբր «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր»: Այս տեղեկությունը ոչ մի կապ չունի իրականության հետ»,– նշված է ՊՆ–ի հայտարարության մեջ:

Գերատեսչությունը ևս մեկ անգամ կոչ է անում ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց:
Հայ գերիներից մեկը վիրավոր է, նրան վիրահատելու են Բաքվում. Բորիս Ավագյան
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Նույն օրը ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից մեկ այլ զինծառայողի` Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։