Եթե ինչ–որ շարժում է սկսվում, ապա այն պետք է հստակեցնի իր խնդիրներն ու նպատակները, որպեսզի մարդիկ պատկերացնեն իրենց անելիքը։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով ընդդիմության նախաձեռնած Դիմադրության շարժմանը։
ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Facebook–յան իր էջում այսօր գրել էր, որ իր հայրենիքում հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու, ամենօրյա կորուստների այս ընթացքը կանխելու և ազգակործան իշխանություններին հեռացնելու միակ տարբերակը ազգային դիմադրության ձևավորումն է։ Դիմադրության շարժմանն անդամագրվելու համար Երևանում և մարզերում բացվել են գրասենյակներ։ Շուտով կգործարկվի նաև Դիմադրության կայքը, ցանկացողները կկարողանան նաև առցանց տարբերակով միանալ Դիմադրության շարժմանը։
Դանիելյանի խոսքով` շարժման հետ կապված մի շարք հարցեր կան` պետք է նախ պարզել, թե ընդդիմությունն ինչին կամ ում է դիմադրում` իշխանությա՞նը, թե՞ իշխանության վարած քաղաքականությանը։ Եթե նպատակն իշխանափոխությունն է, ապա ի՞նչ եղանակով է դա իրականացվելու, և ամենագլխավորը` ի՞նչ քաղաքականություն են վարելու իշխանափոխությունից հետո։
«Եթե շարժում են նախաձեռնում, ապա չպետք է դիմեն քաղաքացիներին, որպեսզի նրանք ծրագրեր ներկայացնեն ու առաջարկներ անեն, այլ իրենք պետք է դա անեն։ Փողոցում մարդկանց չեն հավաքում լոկ ծրագրեր ու գաղափարներ ստանալու համար, ամեն ինչ պետք է մշակված լինի նախապես»,– ասաց քաղաքագետը։
Դանիելյանի կարծիքով` ընտրություններից առաջ ի հայտ եկած ընդդիմադիր շարժումը հունիսի 20-ից հետո վերածվեց խորհրդարանական ֆորմատի, բայց եթե ԱԺ–ում գործընթացներն առաջ տանելն անհնար է և պետք է դուրս գալ փողոց, ապա փողոցային պայքարի նպատակն ու խնդիրները պետք է նախապես արձանագրել։ Ըստ նրա` այն, ինչ առաջարկում է ընդդիմությունը, դրա տեղը փողոցը չէ, դա ինտելեկտուալ աշխատանք է, իսկ փողոցում շարժումը կարող է մեկնարկել այն ժամանակ, երբ մտավոր առաջադրանքն արդեն կատարված է։
Քաղաքագետի խոսքով` բրենդի փոփոխությունն անհասկանալի է. եթե արդեն իսկ կա «Հայաստան» դաշինքը, ապա ի՞նչ է նշանակում դիմադրության շարժումը։