ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը վստահ է, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև փոխգործակցության ձևաչափերը պահանջված կլինեն նաև Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ): ՌԴ կառավարության ղեկավարը նման հայտարարություն հայտնեց Երևանում՝ ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:
Խոսելով ինտեգրացիոն գործընթացների մասին՝ ՌԴ կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ բոլորովին վերջերս Ռուսաստանն ու Բելառուսն ինտեգրման ճանապարհի կարևոր փուլ են անցել։
«Հաստատվել են միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի և 28 միութենական ծրագրերի իրականացման հիմնական ուղղությունները։ Վստահ եմ, որ փոխգործակցության նոր ձևաչափերը, որոնք ստեղծում ենք Ռուսաստանի ու Բելառուսի ինտեգրման ժամանակ, պահանջված կլինեն նաև ԵԱՏՄ-ում», - ասաց նա։
Ընդհանուր առմամբ, Միշուստինի խոսքով, Եվրասիական տնտեսական միությունը բաց է օտարերկրյա գործընկերների հետ երկխոսության համար։ Ներկայումս ընդլայնվում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի գործողության աշխարհագրությունը։ Մասնավորապես, շարունակվում են բանակցությունները Եգիպտոսի, Իսրայելի, Հնդկաստանի, Իրանի հետ։ Ակտիվ աշխատանք է տարվում Ինդոնեզիայի և Մոնղոլիայի հետ, ամրապնդվում է փոխգործակցությունը Չինաստանի հետ՝ հաշվի առնելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը։
Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանում անցկացվում է նոյեմբերի 18-19-ը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: