Միջազգային հանրությունը կրավորական կեցվածք ունի. Պապիկյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ՄԽ–ում

Արմեն Պապիկյանի խոսքով` Հայաստանի դեմ ուժի կիրառման և դրա սպառնալիքի նման բացահայտ դրսևորումը դառնում է Ադրբեջանի վարած քաղաքականության հիմնական հատկանիշներից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթ է ունեցել ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի։ Տեղեկությունը հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Պապիկյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային միակ մանդատ ունեցող ձևաչափի ու կարևորել է ԼՂ հակամարտության խաղաղ գործընթացի և տարածաշրջան այցերի վերականգնումը:
ԵԱՀԿ նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ուղղությամբ ՌԴ ջանքերը
Դեսպանը նշել է, որ Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի խախտումները և դրանց հաճախականությունը գնալով ավելանում են՝ խոչընդոտելով տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու միջազգային հանրության ջանքերը:
Պապիկյանը հիշեցրել է Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հանցագործությունների մասին։ Նրա խոսքով` Ադրբեջանի նման ագրեսիվ քաղաքականության հանդեպ միջազգային հանրության կրավորական կեցվածքով է նաև պայմանավորված նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումը, որի արդյունքում կան զոհեր, անհետ կորածներ և գերեվարվածներ։
ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդում
Դեսպանն ավելացրել է, որ ուժի կիրառման և դրա սպառնալիքի նման բացահայտ դրսևորումը դառնում է Ադրբեջանի վարած քաղաքականության հիմնական հատկանիշներից մեկը, և պետք է կասկած չթողնի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ-ի և նրա մասնակից պետությունների մոտ, թե ով է հանդիսանում ագրեսորը և տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը։