ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից առաջ հանդես է եկել Ռուսաստանի հետ Հյուսիսատլանտյան միության երկխոսությունը պահպանելու օգտին՝ չնայած հարաբերությունների սառնությանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես անձամբ միշտ կողմ եմ եղել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև երկխոսությանը։ Ցավոք, հիմա մեր հարաբերություններերը սառեցման փուլում են։ Մենք խորը հակասություններ ունենք, բայց միշտ ավելի լավ է խոսել միմյանց հետ, քան չանել դա։ Դա կլինի նաև Ստոլտենբերգի հետ բանակցությունների թեմաներից մեկը», - Բեռլինում ասել է նա լրագրողներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ բանակցություններից առաջ։
Մերկելը նաև հայտարարել է, որ գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաև Բելառուսի սահմանի միգրացիոն ճգնաժամը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան նոյեմբերի 1-ից դադարեցնում է դաշինքում իր մշտական ներկայացուցչության աշխատանքը: Այդ գործողությունները պատասխան են դարձել ՆԱՏՕ–ում ՌԴ մշտական ներկայացուցչության աշխատակիցների թվաքանակի կրճատմանը։