Լավրովը վստահ է, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կկայանա

ՌԴ արտգործնախարարի խոսքով ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գագաթնաժողովն անցկացնելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կայացած ասուլիսի ժամանակ վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները կհանդիպեն:
«Դուք ասացիք, որ հնարավոր եռակողմ հանդիպման վերաբերյալ Կրեմլի մեկնաբանությունը կայանում է նրանում, որ հանդիպման համար կոնսենսուս է պետք։ Ես կարող եմ հաստատել, որ կոնսենսուս ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնության գան։ Վստահ եմ, որ նման հանդիպում կկայանա», - ասել է Լավրովը։
Հիշեցնենք` նոյեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթաժողովն ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը: