ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի առաջարկը զրոյական կետից հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ է։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ անդամ Անդրանիկ Քոչարյանը։
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ՊՆ-ն դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով։ Փաշինյանը նշել էր` այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են։
«Ես որոշ չափով տեղեկացված եմ այդ ամենից և կարող եմ ասել, որ խոսքը զրոյական կետից սկսելու մասին է։ ՀՀ–ն տվել է իր համաձայնությունը դրանց մասնակցելու համար»,–ասաց Քոչարյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ հավելեց` Ռուսաստանին գրավոր ծանուցվել է, որ Հայաստանը կողմ է առաջարկին։
Նրա խոսքով` այն պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ համաձայնություն ձեռք կբերվի, ՀՀ–ն կսկսի հանձնաժողովի ձևավորման աշխատանքը և հետո կանցնի բուն աշխատանքներին։
Հարցին` ինչո՞ւ հանրությանը մանրամասներին տեղյակ չեն պահում, թե ինչ է իրենից ենթադրում սահմանազատման առաջարկը` ՔՊ–ական Արթուր Հովհաննիսյանը նշեց` այս պահին կարևոր է, որ սահմանազատման հարցով քննարկումները չխոչընդոտվեն։
«Մանավանդ մենք ունենք դեպքեր, երբ փաստաթղթերի արտահոսքեր են տեղի ունեցել` նման բաները գործընթացների վրա բացասական ազդեցություն են ունենում, և ՀՀ շահը չեն պաշտպանում»,–ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց` այս դեպքում գաղտնիությունը խիստ անհրաժեշտ է, քանի որ այն առնչվում է նաև սահմանին ուժերի դասավորությանը։