ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ զգուշացրել է, որ առանց պատշաճ տեսական ու գործնական քննություններ հանձնելու, կաշառքով ստացած վարորդական վկայականները կկասեցվեն, քննությունները կճանաչվեն անվավեր։
Նման հայտարարության համար հիմք են ծառայել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված ու ՀՔԾ-ում քննված քրեական գործերի շրջանակներում կատարված բացահայտումները։
Պարզվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ն, իր մտերիմ՝ Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գ.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ 2020թ. փետրվար-մայիս ամիսների ընթացքում առանց քննություն հանձնելու, կաշառքի դիմաց վարորդական վկայականներ է տրամադրել վեց անձանց։
Եվս մեկ անձի տեսական քննությունը գնահատվել է դրական և վերջինիս հնարավորություն է ընձեռնվել մասնակցելու գործնական քննությանը:
Քննության արդյունքում քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու ու կաշառք ստանալու համար։ Նա կալանավորվել է։
Նրան կաշառք տված 7 անձանց, ու այդ հանցանքին օժանդակած Ս. Գ.-ին նույնպես առաջադրվել են մեղադրանքներ, նրանք դատարանում իրենց մեղավոր են ճանաչվել նշված արարաքների կատարման մեջ։ Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ նշանակվել են տարբեր չափերի տուգանքներ: