ԵԱՀԿ նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ուղղությամբ ՌԴ ջանքերը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Աննա Լինդե. Արխիվային լուսանկար
Անն Լինդեն ու Սերգեյ Լավրովը կքննարկեն հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Աննա Լինդեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտության կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը:
Այս մասին նա հայտնել է այսօր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ։
Խոսքը զրոյական կետից սկսելու մասին է. Քոչարյանը` սահմանազատման ՌԴ-ի առաջարկի վերաբերյալ
«Մենք ողջունում ենք ՌԴ–ի ջանքերը մեկ զինադադարի հասնելու և խաղաղ պայմանագրի ստորագրման ձգտման ուղղությամբ»,- ասել է Լինդեն։
Նա հայտնել է, որ Լավրովի հետ բանակցություններում խոսելու է այն մասին, թե ինչպես կարելի է միասին աշխատել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար կառուցողական լուծումների ուղղությամբ, ինչպիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լավրովն ու Լինդեն պետք է քննարկեին Արցախում իրավիճակի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ աջակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ ժնևյան քննարկումներում կազմակերպության միջնորդությանը:
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 6 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։