ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի պահանջը, ըստ որի պատվաստում չանցած քաղաքացիները պետք է շաբաթը մեկ անգամ ՊՌՇ-թեստերի պատասխան ներկայացնեն գործատուներին: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
Մինչ այս ՀՀ առողջապահության նախարարի որոշման փոփոխությունը` ՊՇՌ թեստերի տրամադրման ժամկետները 14-ից մինչև 7 օր կրճատելու մասին, քննարկման փուլում էր:
«Հրամանի նախագիծը շրջանառության մեջ է դրվել և հաստատվել։ Դեկտեմբերի 1-ից գործատուին ՊՇՌ թեստի պատասխանի տրամադրման ժամկետը կրճատվում է 14-ից մինչև 7 օր», - ասաց Խաչատրյանը։
Նա չի բացառել, որ ապագայում նոր սահմանափակումներ կմտցվեն։ Առայժմ դրանք քննարկվում են, դրանց վերաբերյալ վերջնական որոշման մասին հայտնի կդառնա դեկտեմբերին։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախկին հրամանով հաստատվել էր, որ հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին տրամադրել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստում անցնելու մասին տեղեկանք, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխան։ Թեստը պետք է արված լինի փաստաթղթի ներկայացումից առավելագույնը 72 ժամ առաջ: