ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը տեր է իր որդեգրած մոտեցմանը, այն է՝ երկրի անվտանգության, ինքնիշխանության վերականգնման համար այս իշխանությունները խոչընդոտ ու սպառնալիք են` պետք է հեռանան։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Այս իշխանությունները պետք է հեռանան, որպեսզի կարողանանք վերականգնել երկրի ինքնիշխանությունը և արժանապատվությունը»,–ասաց Մինասյանը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իրավական գործընթաց պետք է սկսվի գերիների` գերեվարման մանրամասները պարզելու առնչությամբ, Մինասյանը նշեց, որ դրանով Փաշինյանը գերիներին անպաշտպան թողեց, ավելին` սպառնաց նրանց։ Սա, ըստ պատգամավորի, ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանության առերևույթ հանցակազմ պարունակող փաստ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ հավելեց, որ ժամանակին Փաշինյանն առաջարկում էր իր որդուն փոխանակել մեր գերիների դիմաց, իսկ հիմա նրանց հանցագործներ է համարում։ «Ըստ էության, Փաշինյանը կրկնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թեզը, որ մարդիկ, որոնք հիմա պահվում են Բաքվի բանտերում, գերիներ չեն, այլ ռազմական հանցագործներ»,–ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին` կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը, անդրադառնալով գերի ընկած տղաների դեպքին, նշել էր. «Ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել` պետք է քննվի»։ Նրա խոսքով` զինվորական կանոնագրերը սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Սա մեծ աղմուկ էր բարձրացրել, և շատերը քննադատական խոսքով հանդես եկան։