ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Արցախում 8 ամիս առաջ մեկնարկած արտամնարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան։ Տեղեկությունը հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
«Արտամարմնային բեղմնավորմամբ առաջնեկի ծնունդով ազդարարվեց Արցախում ծրագրի հաջող ընթացքը՝ արձանագրելով տեղի բժշիկների մասնագիտական կարողություններն ու հաջողությունները: Վերջին ութ ամսվա կտրվածքով արտամարմնային բեղմնավորման է ուղեգրվել 52 զույգ, որից 39-ի մոտ արդեն կատարվել է բեղմնավորում, 17-ի մոտ ստացվել է հղիություն»,– նշում են Արցախի ԱՆ–ից:
Գերատեսչությունից հայտնում են նաև, որ օպերատիվ բուժումից հետո (լապարոսկոպիա և հիստերոսկոպիա) հերթագրված են տասնյակ զույգեր, որոնք նույնպես պատրաստվում են արտամարմնային բեղմնավորման:
Նշենք, որ ԱՀ առողջապահության նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակում շարունակում է ներդնել բազմաթիվ ծրագրեր, որոնց լիարժեք իրականացումը կնպաստի Արցախում բնականոն կյանքի վերականգնմանը:
Հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ԱՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ ռեպրոդուկտոլոգիայի կաբինետը գրանցել է 8900 այց: