Այս պահի տվյալներով` հայկական կողմը 6 զոհ ունի. ՊՆ–ն անուններ է հրապարակել

Զինվորական սաղավարտներ
Ռուսական կողմի միջնորդությամբ և մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի հետևանքով գերեվարվածներին վերադարձնելու և անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը հրապարակել է նրանց անունները` 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։
«Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ՊՆ–ի` ռուսական կողմի միջնորդությամբ և մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի հետևանքով գերեվարվածներին վերադարձնելու և անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ։
Նոյեմբերի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։
ՊՆ–ն հերքում է լուրը, թե բարձրաստիճան զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Նույն օրը ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից մեկ այլ զինծառայողի` Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։