Երևան, 18 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արարատ Միրզոյանը գործընկերոջը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերվծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։
«Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական հերթական ագրեսիային նախորդել են Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից ամիսներ շարունակ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները և ուժի կիրառման սպառնալիքները, այդ թվում ուժով «միջանցք բացելու» ապօրինի հայտարարությունները, հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է պատշաճ ու հասցեական արձագանքն Ադրբեջանի վարքագծին ու գործողություններին՝ հետագա սադրանքների զսպման և իրավիճակի լիցքաթափման գործում։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Զրուցակիցները խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Նույն օրը ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։