Սյունիքի մարզպետի որդին ազատ կարձակվի

Մելիքսեթ Պողոսյան
Դատարանը մերժել է Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ազատ կարձակվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Դատարանը մերժել է ՀՀ քննչական կոմիտեի` Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը։
«Կալանավորման ժամկետը կլրանա նոյեմբերի 21-22–ին»,– նշեց Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ Կարեն Պողոսյանը սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու հոդվածներով ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։
Սյունիքի մարզպետի` հետախուզման մեջ գտնվող որդին ինքնակամ ներկայացել է քննչական մարմին
Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք կրակոցներ էին արձակել Գորիսի երկու բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ զինված միջադեպին մասնակցել է նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Սուրիկ Խաչատրյանի որդին որևէ կարգավիճակ չունի այս գործով։