ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հեռանկարը վատը չէ։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ արտգործնախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։
Նա հիշեցրել է, որ աճում է ռուսական դիվանագիտության դերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև վիճելի հարցերը կարգավորելու, Հարավային Կովկասում տնտեսական կապերի վերականգնման, տրանսպորտային կենսական նշանակության կապերի ապաշրջափակման մեջ։
«Ստեղծված է համապատասխան եռակողմ հանձնաժողով փոխվարչապետների մակարդակով։ Գործում է։ Իմ կարծիքով` հեռանկարներն այնտեղ վատ չեն։ Տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, իսկապես հետաքրքրված են այդ խնդիրների երկարատև կարգավորմամբ»,-հավելել է Պուտինը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Հանդիպման արդյունքների հիման վրա կազմվել է 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։