ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եվրասիական ինտեգրացիան Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։
Փաշինյանը նախ շնորհավորեց Ղրղզստանի նոր վարչապետ Ակիլբեկ Ժապարովին և հաջողություն մաղթեց պատասխանատու պաշտոնում:
«Մենք պատրաստ ենք հետագայում ևս ջանքեր գործադրել մեր երկու երկրների կառավարությունների միջև կառուցողական երկխոսությունը պահպանելու համար։ Փորձել ենք հնարավորինս հարմարավետ պայմաններ ստեղծել օրակարգի քննարկման համար։ Օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումից բացի, շատ կարևոր է նաև մեր պատվիրակությունների կենդանի շփումը», – ասաց նա։
Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը մեկնարկել է այսօր, կշարունակվի նաև վաղը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կայացել է Հայաստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցը, որի ընթացքում համագործակցության հարցեր են քննարկվել։