ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտը վերլուծում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի ներմուծման և արտադրման վերաբերյալ փուլային արգելքի ներդրումը, մոտեցումներ մշակում մետաղագործական ձեռնարկություններին սև և գունավոր մետաղների ջարդոններով ապահովելու վերաբերյալ, փորձի փոխանակում իրականացնում թափոնների մշակման հետ կապված։
Կանաչ տնտեսությունը մինչև 2025 թվականի Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարությամբ նախանշված հեռանկարային ուղղություններից մեկն է։ Ռազմավարությունը հաստատվել է 2020 թվականի դեկտեմբերին ԵԱՏՄ պետությունների ղեկավարների կողմից։ Արդյունաբերական համագործակցության ոլորտում հիմնական ուղղությունների մասով այդ քաղաքականության համակարգողը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտն է, որի փոխտնօրեն է վերջերս նշանակվել Գեորգի Արզումանյանը։
2020 թվականի գարնանը դեպարտամենտի հարթակում քիմիական բնագավառի շրջանակում փորձագիտական խումբ է ստեղծվել, որը նոր մոտեցումներ է քննարկում՝ կապված արտադրական թափոնների վերամշակման և դրանց սպառման, ինչպես նաև ջերմոցային գազերի և այլ վնասակար նյութերի արտանետումները նվազեցնելու հետ։ Խմբի կազմում ընդգրկված են պետական իրավասու մարմինների, բիզնես հանրության (օրինակ` բելառուսական «Բելնեֆտեխիմ» կոնցեռնի), գիտահետազոտական կենտրոնների (օրինակ` Մենդելեևի անվան ռուսական տեխնոլոգիական համալսարանի) և մի շարք ՀԿ–ների ներկայացուցիչներ։
Գիտնականների համար աշխատելու մեծ ճակատ կա. բավական է հիշեցնել, որ աշխարհում վերամշակվում է արտադրված պլաստիկի միայն շուրջ 8%–ը, և վերամշակման պակաս էներգատար և ծախսատար միջոցների փնտրտուքները շարունակվում են։
Գեորգի Արզումանյան
© o.marshankin / Eurasian Economic Commission
«Փորձագիտական խմբի հերթական նիստը կայացել է հոկտեմբերի վերջին։ Կարծում ենք, որ մեզ կհաջողվի թափոնների վերամշակման ճանապարհային քարտեզ ստեղծել», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արզումանյանը։
Ոչ պլաստիկին
Փորձագիտական խմբի օրակարգի առանցքային հարցերից մեկն է մեկանգամյա օգտագործման պոլիմերային որոշ արտադրանքի, այդ թվում՝ փաթեթավորման, արտադրման և ներմուծման փուլային արգելքը։
«Մեր դեպարտամենտը պատրաստվում է ուսումնասիրել նման փուլային արգելքի, և դրան զուգահեռ` փոխարինող փաթեթավորման նյութերի ներդրման հնարավորությունները։ Այժմ մենք տեխնիկական առաջադրանք են նախապատրաստում նման ուսումնասիրություն իրականացնելու համար, որը նախատեսում ենք սկսել 2022 թվականին», – հայտարարեց Արզումանյանը։
ԵՏՀ–ն ուսումնասիրել է նաև Միության առանձին պետությունների փորձը։ Մասնավորապես Հայաստանում 2022 թվականից կարգելվի կոնկրետ մեկանգամյա օգտագործման պլաստիկ փաթեթավորումը (մինչև 50 միկրոն հաստության պոլիեթիլենային տոպրակները)։ Բելառուսն արդեն իսկ 2021 թվականից արգելք է կիրառել հանրային վայրերում պլաստիկ սպասք օգտագործելու համար։ 2025 թվականից Ղազախստանը մտադիր է ամբողջությամբ արգելել պոլիմերների որոշ տեսակներից պատրաստված տոպրակները։ Ղրղզստանը 2025 թվականից նախատեսում է ազգային արժեք համարվող Իսիկ Կուլ լճի շրջանում ամբողջությամբ արգելել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը։
Մետաղաջարդոն
Քննարկվում է նաև համագործակցությունը թափոնների վերամշակման ոլորտում։ Հեռանկարում երկրները կկարողանան հաջող օրինակների և երկրորդական հումքի (պլաստիկ, անվադողեր և այլն) վերամշակման տեխնոլոգիաների փոխանակում իրականացնել։ Առաջին արդյունքներն արդեն տեսանելի են մետաղագործական հատվածում. փոխվարչապետների մակարդակով քննարկվել է մետաղագործական ձեռնարկություններին հումքով, այդ թվում՝ ջարդոնով, ապահովելուն ուղղված միջոցառումների ծրագիրը։
«Աշխատում ենք, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծենք բիզնեսի համար` մետաղաջարդոնի հավաքման և մատակարարման, իսկ ձեռնարկությունների համար՝ դրա վերամշակման համար», – նշեց Արզումանյանը։
Մետաղագործության մեջ որոշ արտադրական ապրանքների գծով ջարդոնն արդեն մինչև 1/3 արդյունաբերական հումք է կազմում։ Հումքի պակաս չկա, կան դրա հավաքումը կազմակերպելու հետ կապված խնդիրներ։ Ըստ Արզումանյանի` Հայաստանում, օրինակ, մինչ օրս հին ավտոմեքենաների վերամշակումը կարգավորող համակարգ գոյություն չունի. ոչ միայն կմախքի, այլև մեքենայի այլ բաղկացուցիչ տարրերի և մասերի (պլաստիկ և էլեկտրոնիկա)։
Թափոնների վերամշակման հաջող օրինակներ կան. պետերբուրգյան «Էկոպոլիս» ընկերությունը, որը օգտագործած էլեկտրոնիկա է վերամշակում (պլաստիկ, միկրոսխեմաներ, կոնտակտներ և այլն), հայկական «Ամ–Էսկան», որը անվադողեր է վերամշակում և այլն, սակայն Միության մասշտաբներով դրանք եզակի են դեռ։
Սահնակն ամռանը պատրաստիր
ԵԱՏՄ–ում կանաչ տրանսպորտը դեռ նոր են սկսում ներդնել, սակայն արդեն էլեկտրական տրանսպորտի խթանման միջոցառումների ծրագիր է կազմվել։ Դրան գումարած ԵՏՀ–ն Եվրասիական միջկառավարական խորհրդի մակարդակով որոշման նախագիծ է մշակել անդամ երկրներում դրա հանրահռչակման համար լրացուցիչ միջոցների ներդրման վերաբերյալ։ Որոշումն առաջարկվում է հաստատել 2022 թվականի առաջին եռամսյակում։
Սակայն, դրա հետ մեկտեղ բաց է մնում էլեկտրական մեքենաների մարտկոցների վերամշակման հարցը, այն ևս քննարկման փուլում է։
Ածխածնային հարկ
ԵՏՀ դեպարտամենտին կից փորձագիտական խումբը քննարկում է ածխածնային կարգավորման անդրսահմանային մեխանիզմների ու ածխածնային հարկի (որն արդեն կիրառում են ԵՄ երկրներում, և հնարավոր է կիրառեն այլ շրջաններում ու երկրներում) ներդրմանն ուղղված հարցեր։ Այն կիրառվում է արդյունաբերական «ածխածնատար» (carbon-intensive) ոլորտների (երկաթից ու պողպատից ապրանքներ, ցեմենտ և այլն) ներմուծման վրա, որոնց արտադրության ժամանակ մեծ թվով արտանետումներ, այդ թվում՝ ջերմոցային գազեր են առաջանում։
«Նման ոլորտներից մեկը հանքային պարարտանյութերի արտադրությունն է։ Այժմ փորձում ենք գնահատել նման արտադրությունների նկատմամբ կիրառված միջոցների ազդեցությունը, ինչպես նաև այն, թե որքանով լրացուցիչ վճարները կարող են խթանել բիզնեսը` նոր մաքուր տեխնոլոգիաներ կիրառելու և արտանետումները նվազեցնելու համար», – նշում է Արզումանյանը։
Որտեղից գումար վերցնել
Համագործակցային արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման համար մի քանի գործիքներ կան, այդ թվում՝ Եվրասիական զարգացման բանկը։ Սակայն ֆինանսավորման տոկոսադրույքի և արտոնյալ ֆինանսավորմանը հասանելիություն ստանալու հարցեր կան։
«Մենք մշտական կապի մեջ ենք բանկի հետ, Եվրասիական զարգացման բանկը ուսումնասիրել է և պատրաստ է ուսումնասիրել ինտեգրացիոն ներուժ ունեցող համագործակցային նախագծերը։ Միևնույն ժամանակ բիզնեսի համար առավել մատչելի վարկային միջոցներ ապահովելու նպատակով մենք քննարկում ենք ֆինանսավորման այլընտրանքային մեխանիզմների հարցը, որոնց մշակման համար հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել», – եզրափակում է Արզումանյանը։
2021 թվականի սեպտեմբերի 14-ին ԵՏՀ խորհրդից առաջադրանք է ստացվել աշխատանքային այդ խմբի կազմն արդիականացնելու, ինչպես նաև Միության շրջանակում համագործակցային նախագծերի ֆինանսավորման մեխանիզմների համար առաջարկներ մշակելու նպատակով ֆինանսական քաղաքականության ոլորտի մարմինների ներկայացուցիչների ներգրավման վերաբերյալ։ Այդ աշխատանքների արդյունքների մասին կզեկուցվի մինչև տարեվերջ։