ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրում անցկացվող «Bloomberg New Economy Forum»-ի շրջանակում ասել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները մարդկային զոհերի պատճառ են դարձել, ինչպես նաև մեծ վնաս հասցրել բնակչությանն ու բնությանը: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Սարգսյանը տնտեսական համաժողովի շրջանակում որպես բանախոս հանդես է եկել կլիմայական փոփոխություններին, Covid 19-ի համավարակին և դրանցով պայմանավորված նոր մարտահրավերին վերաբերող թեմատիկ քննարկմանը: Կարևորելով բոլոր երկրների՝ կանաչ և խաղաղ ապագա ստեղծելու հանձնառությունը՝ Սարգսյանը ցավով է արձանագրել, որ կան երկրներ, որոնց անգամ համավարակի նման արհավիրքը հետ չպահեց անմարդկային գործողություններից:
«Նա նշել է, որ անցած տարի հենց համավարակի ծանր շրջանում Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ Իսկ ընդամենը երկու օր առաջ ադրբեջանական ուժերը հարձակում էին գործել Հայաստանի Ջերմուկ քաղաքից և Սևանա լճից ոչ հեռու գտնվող՝ բնապահպանական ու ջրային ռեսուրսների առումով խիստ զգայուն տարածքների վրա»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սարգսյանը քննարկման մասնակիցներին տեղեկություններ է հաղորդել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Ադրբեջանի սադրիչ գործողությունների, մեր երկրի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ադրբեջանցիների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու վերաբերյալ տեղեկություններ էր ներկայացրել նաև Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբին։ Նախագահը Սինգապուրում է հենց «The Bloomberg New Economy» միջազգային հեղինակավոր համաժողովին մասնակցելու համար։