ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի նույնանուն համայնքի բնակիչներից մեկի տան բակում տեղի ունեցած պայթյունի գործով կա ձերբակալված։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնքությունը` Երևան քաղաքի բնակիչ` ծնված 1989 թվականին։
32-ամյա տղամարդը ձերբակալվել է` վերոնշյալ արարքը կատարելու կասկածանքով։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին, ժամը 02։00-ի սահմաններում։ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։