Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերի կարգավորման մեջ աճում է ՌԴ դիվանագիտության դերը. Պուտին

Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանում իրավիճակը դեռ մինչև վերջ չի հանդարտվել, այս իրավիճակներում աճում է ռուսական դիվանագիտության դերը հետագա կարգավորման համար: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ կանգնեցվել է պատերազմը Լեռնային Ղարաբաղում։
Կյանքն ադրբեջանական մաքսակետից հետո. ինչպես են ապրում բարձրավանցիներն ու որոտանցիները
«Սակայն վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանում իրավիճակը դեռ մինչև վերջ չի հանդարտվել ։ Կայունության ապահովման մեջ մեծ դեր են խաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ջանքերը՝ որպես հրադադարի ռեժիմի հաստատման և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր», - ասել է Պուտինը ՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ-ի կոլեգիայի նիստում:
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Նույն օրը ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից մեկ այլ զինծառայողի` Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։