ՌԱԴԻՈ

Ե՛վ նախկինում, և՛ հիմա օլիգարխներն օգտվում են առիթից. տնտեսագետը` բենզինի գնաճի մասին

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է բենզինի գնի բարձրացմանն ու վառելիքի շուկայում առկա միտումներին։
Sputnik
Տարիներ շարունակ մի քանի ընկերություններ ամբողջությամբ վերահսկում են բենզինի, դիզելային վառելիքի շուկան։ Նրանք իրար մեջ բաժանել են ամբողջ շուկան և իրականացնում են համաձայնեցված գնային քաղաքականություն` միասնաբար բարձրացնելով կամ իջեցնելով գները, ինչը վկայում է հակամրցակցային համաձայնության ռիսկի մասին։ Խոսելով վառելիքի շուկայում արձանագրված գնաճի մասին` Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Այս տարի գրանցվել է վառելիքի մեծ գնաճ, ինչը մտահոգիչ է, եթե հաշվի առնենք մեր տնտեսության աճի դանդաղ տեմպը։ Ակնհայտ է, որ վառելիքի գնաճն էականորեն ազդում է մեր տնտեսական ակտիվության վրա, քանի որ բենզինից, դիզելային վառելիքից օգտվող բիզնեսը, ծախսելով մեծ գումարներ դրանք ձեռք բերելու համար, իր հերթին թանկացնում է իր արտադրանքը։ Վառելիքի գների աճը շղթայաբար թանկացնում է Հայաստանում արտադրվող և մատուցվող բոլոր ապրանքների և ծառայությունների գները»,–ասաց տնտեսագետը։
Գնաճը հասել է 9.1 տոկոսի. ԿԲ–ի կանխատեսումներն առաջիկա ամիսների համար լավատեսական չեն
Պարսյանի դիտարկմամբ` վառելիքի գներն աճում են նույնիսկ այն դեպքում, երբ դրամը հուլիսից սկսած արժևորվում է։ Անցյալ տարի, երբ դրամն արժեզրկվում էր, բենզին ներկրողները ժամ առ ժամ փոխում էին գնապիտակները, իսկ հիմա պահում են գինը, ավելին` թանկացնում են, ինչի արդյունքում ունենք իրավիճակ, որ դրամի արժևորումը մեր շուկայում ապրանքների գների վրա չի ազդում։
«Ակնհայտ է, որ նախկինում և հիմա մենաշնորհները, օլիգարխներն օգտվում են առիթից և նույնիսկ այս ճգնաժամային պայմաններում ուղղակի թալանում են ժողովրդին` նոր խնդիրներ առաջացնելով մարդկանց համար։ Բենզինի գինը հարևան Վրաստանում 480 դրամ է, իսկ մեզ մոտ՝ 520 դրամ։ Նույնիսկ այս 40 դրամի տարբերությունը խոսում է անառողջ մրցակցության մասին»,– ասաց տնտեսագետը։
Գնաճը Հայաստանում. ինչն ինչքան է թանկացել
Հայաստանը դիզելային վառելիք ներկրում է Ռուսաստանից, Բուլղարիայից, Իրանից և ստացվում է մի իրավիճակ, երբ տնտեսավորողները բենզինը ներկրում են տարբեր երկրներից` կատարելով տարբեր ծախսեր, բայց հայաստանյան շուկայում վաճառում են նույն գնով։ Ըստ տնտեսագետի` մենք այստեղ ունենեք բավականին լուրջ ռիսկ, որը պետք է ուսումնասիրվի տնտեսական մրցակցության հանձնաժողովի կողմից և կայացվի համապատասխան որոշում։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները բարձրացել են 9.9%–ով, բենզինը թանկացել է 43.1%–ով, դիզելային վառելիքը` 42.6%–ով։