ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Էլեկրական շարժիչով ավտոմեքենաների ավելացված արժեքի հարկի արտոնությունը կերկարացվի ևս երկու տարով՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։ Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունն այսօր կռավարության նիստում հավանության է արժանացել ու առաջիկայում կներկայացվի ԱԺ քննարկմանը։
Ըստ գործող օրենքի՝ ավելացված արժեքի հարկից ազատվում են մեծ, միջին և փոքր ավտոբուսներ, մարդատար տրանսպորտային միջոցներ, մոտոցիկլներ ու մոպեդներ ներմուծողներն ու տեղում վաճառողները։
Հիշեցնենք` այս արտոնությունը Հարկային օրենսգրքում ներառվել էր 2019թ–ից` էլեկտրամոբիլների ներմուծումը Հայաստան խթանելու նպատակով։
Բացի այդ 2020 թվականի մարտին Եվրասիական տնտեսական հանձնաժովի որոշմամբ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը այս ավտոմեքենաների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից։
Արտոնությունը ևս երկու տարի երկարաձգելու իր առաջարկը կառավարությունը հիմնավորում է պաշտոնական վիճակագրությամբ, որի համաձայն, 2019-2021 թվականների ընթացքում ՀՀ է ներմուծվել ավելի քան 5200 էլեկտրամոբիլ, մինչդեռ 2018 թվականին ներմուծվել էր ընդամենը 12–ը։ Բացի այդ 2018-2020թթ. հանրապետության գրեթե բոլոր մարզերում տեղադրվել են 20-ից ավելի լիցքավորման կայաններ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2021/2022թթ. նախատեսվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդգրկել նաև «Էլեկտրոմոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման տեխնիկ» մասնագիտությունը։
Երևան քաղաքում էլեկտրամոբիլների սեփականատերերը 2021 թվականի համար ազատված են ավտոկայանատեղիների համար սահմանված տեղական վճարից։