ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոյի հետ: Տեղեկությունը հայտնում են ՍԱՏՄ-ի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սննդամթերքի անվտանգությանը, դրա վերահսկողությանը, այդ ոլորտի միջազգային ստանդարտներին ու ազգային օրենսդրությունը դրանց համապատասխանեցնելու հետ կապված հարցեր:
Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է տեսչական մարմնի կառուցվածքը, գործառույթները, ազդեցության ոլորտներն ու այն խնդիրները, որոնց առկախումը կարող է խոչընդոտել առավել արդյունավետ աշխատանքին: Նա շեշտել է միջազգային համագործակցության, իրավական ակտերի փոխհամաձայնեցման և պարզեցված վերահսկողության անհրաժեշտությունը:
Վիկտոր Նազարենկոն իր հերթին խոսել է ԵԱՏՄ մաքսային տարածքում մարդու առողջության և կյանքի, կենդանիների և բույսերի, շրջակա միջավայրի համար անվտանգ արտադրանքի ազատ շրջանառության համար միասնական իրավական դաշտի ստեղծման մասին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոյի հետ:
Նա նշել է, որ այդ ուղղությամբ տեխնիկական կանոնակարգերը հիմնականում կան, և ազգային օրենսդրությունը պետք է դրանց հետ հնարավորինս համահունչ լինի:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են սննդամթերքում հակաբիոտիկների մնացորդային քանակների և այլ վնասակար նյութերի հայտնաբերման, հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության դեմ պայքարի խնդիրներին։