ՌԱԴԻՈ

Զանգեզուրի միջանցք ստեղծելու ծրագիրը հակասում է Իրանի կենսական շահերին. իրանագետ

Իրանագետ Ժաննա Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային լարվածության առթիվ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հայտարարությանը։
Sputnik
Սահմանային վերջին սրացումների առթիվ Իրանը շարունակելու է առաջ տանել իր դիրքորոշումը, որի համաձայն` վճռականորեն դեմ է տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը։
Արմեն Գրիգորյանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացրել է Իրանի դեսպանին
«Իրանը բազմից հայտարարել է, որ իր համար կարմիր գիծ է տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Հայաստանի սահմանների անփոփոխելիությունը։ Այդ մասին Իրանն ավելի ինտենսիվորեն հայտարարեց վերջին ամիսներին, երբ բավական սրվեցին իրանա–ադրբեջանական հարաբերությունները` պայմանավորված Գորիս–Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակով և Ադրբեջանի կողմից իրանցի վարորդների ձերբակալությամբ»,– նշեց իրանագետը։
Վարդանյանի խոսքով` այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ստեղծելու ծրագիրը հակասում է Իրանի կենսական շահերին մի քանի առումով։ Հայաստանի հետ սահմանի վերացումը Թեհրանի համար իրական սպառնալիք է, որովհետև այդ դեպքում Իրանի տարանցիկ նշանակությունը կնվազի և այդ երկիրը կկորցնի Ադրբեջանի վրա ունեցած ազդեցության լծակները, առավել ևս, որ ինքն է ապահովում կապը Ադրբեջանի ու Նախիջևանի միջև։
Իրանի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին իրավիճակի կարգավորման կոչ է արել
Իրանագետի կարծիքով` իրավիճակը չի հասնի այն աստիճանի, որ Իրանը դիմի ռազմական միջամտության Ադրբեջանի հետ հարաբերություններում` չնայած իրանական մամուլում տեղ գտած այն տեսակետին, որ Իրանը պետք է նույնիսկ ռազմական դաշինք կնքի Հայաստանի հետ։ Ըստ նրա` Իրանը հաշվի է առնում հնարավոր հետևանքներն ու տարածաշրջանում այլ խաղացողների, հատկապես Թուրքիայի առկայության հանգամանքը։
Նշենք, որ ԻԻՀ–ի նախագահ Իբրահիմ Ռաիսին նոյեմբերի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանի համար անընդունելի է աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն կամ սահմանի փոփոխում Հարավային Կովկասում։
Իրանական Mehr գործակալության տեղեկատվության համաձայն` Ռաիսին ողջունել է Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված Ռուսաստանի նախաձեռնությունները։