Որոշակի փուլում ՌԴ–ի, Հայաստանի և Ադրբեջանի գագաթնաժողովն անհրաժեշտ կլինի. Պեսկով

Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համար անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովն ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի։ Այսօր լրագրողներին է ասել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Անկասկած, ինչ-որ փուլում նման շփումներն անհրաժեշտ կլինեն, բայց որպեսզի դրանք հնարավոր լինեն, դրա համար պետք է երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը», - ասել է նա:

Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։