ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դր. Չի-Ֆուն Չանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար արժանացել է 2020 թվականի պետական մրցանակին։
Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է մրցանակը հանձնել է Չի-Ֆուն Չանին և շնորհավորել նրան այդ կապակցությամբ:
Նա նշել է, որ նախորդ տարի չհաջողվեց այս միջոցառումը կազմակերպել հայտնի պատճառներով, և 2020 թվականի մրցանակը շնորհվում է այս տարի: «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակն ունի շատ կարևոր նպատակ՝ շեշտելու, որ այս ոլորտում Հայաստանն ունի ասելիք և Հայաստանն ունի անելիք: Աշխարհի մեծերին այստեղ հյուրընկալելը դրա լավագույն ապացույցներից է»,–ասել է նա:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանձնել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի արժանացած «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանին (17 նոյեմբերի 2021թ․). Երևան
© Photo : official site of the Government of RA
Կոդերի հետ աշխատող մարդուն Հարությունյանն ասել է, որ մենք սիրում ենք գործ ունենալ կոդերի հետ: «Նախնադարյան քարտեզներում մի կոդ գրեցինք՝ «Արմենիա», և այդ կոդը թույլ տվեց մեզ լեգիտիմ իրավունք ունենալ լինելու 21-րդ դարում, զարգանալու և աշխարհին նորություններ և նորարարություն տալու: 5-րդ դարում մենք ևս մի կոդ գրեցինք՝ հայկական տառերի տեսքով, որպեսզի ոչ միայն մեր մշակույթը, այլ նաև համաշխարհային մշակույթը կոդերի միջոցով հասցնենք 21-րդ դար: Ես շատ ուրախ եմ, որ մի քանի օրից Դուք հյուրընկալվելու եք Մատենադարանում և կտեսնեք, թե ինչ ծավալի կոդավորված նյութ ենք հասցրել 21-րդ դար»,–ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Նա հիշեցրել է, որ Մատենադարանում առկա նյութը դեռ ամբողջությամբ չենք կարողացել վերծանել, և հույս է հայտնել, որ ոլորտի մասնագետները, որոնք այստեղ են, նաև Չի-Ֆուն Չանի օգնությամբ, նորարարական տեխնոլոգիաների միջոցով կկարողանան այդ հասցրած ինֆորմացիան հասցնել աշխարհին:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Չի-Ֆուն Չանի համագործակցությունը Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների հետ կունենա ապագա: «Կառավարության համար դա շատ կարևոր է, որովհետև ՏՏ ոլորտը և տեխնոլոգիական զարգացումը մեր առաջնահերթություններից է, ինչն արտացոլված է ծրագրերում, այդ թվում՝ կրթական»,-ասել է Արայիկ Հարությունյանը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանձնել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի արժանացած «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն Չի-Ֆուն Չանին (17 նոյեմբերի 2021թ․). Երևան
© Photo : official site of the Government of RA
Չի-Ֆուն Չանը շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ շատ է կարևորում այդ մրցանակը: «ՏՏ ոլորտի գործունեությունը պետք է լինի ի նպաստ մարդկությանը: Մենք, որպես մասնագետներ, պետք է համակարգեր կառուցենք, որոնք պետք է լինեն անվտանգ, վստահելի և ապահով»,-ասել է Չի-Ֆուն Չանը: «Սինոփսիս» ընկերության նախագահը նաև շնորհակալություն է հայտնել հայաստանյան մասնաճյուղի թիմին՝ համատեղ և արդյունավետ աշխատանքի համար:
Այնուհետև տեղի է ունեցել նաև ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված հատուկ ծրարի և փոստային բացիկի մարման արարողությունը: