Թբիլիսին պատրաստ է ջանքեր գործադրել Հրվ. Կովկասում խաղաղության ամրապնդման համար. նախարար

Վրաստանի փոխվարչապետը բանակցություններ է վարել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում հանդիպում է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ, որի ընթացքում հավաստիացրել է կողմերին, որ Թբիլիսին պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Արևելյան գործընկերության» արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին բանակցություններ է վարել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Մոսկվան կոչ է անում Երևանին ու Բաքվին զուսպ լինել․ ՌԴ ԱԳՆ
Վրաստանի փոխվարչապետը ևս մեկ անգամ կարևորել է տարածաշրջանում կայունության ու խաղաղության ամրապնդումը և հարևան երկրների միջև լարված իրավիճակի դեէսկալացիան:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Զալկալիանին հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը ապագայում ևս ջանքեր գործադրել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ու կայունության համար։