Ստեղծվել է ծանրագույն իրավիճակ. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է արել

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն այն համոզմունքին է, որ գործող իշխանությունն անզոր է բեկելու դրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Անհրաժեշտ է անհապաղ ձևավորել ճգնաժամային կառավարություն կամ պետական պաշտպանության կոմիտե` Արցախի երբեմնի օրինակով, օժտել լայն լիազորություններով, որը թույլ կտա մոբիլիզացնել ազգի ողջ ներուժը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը` անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին։

«Վերլուծելով ստեղծված իրավիճակը` կարող ենք փաստել, որ ապաշնորհ արտաքին ու ներքին քաղաքականության հետևանքով կործանման եզրին հասցվեց Արցախը: Վստահաբար կարող ենք փաստել, որ այսպես շարունակվելու դեպքում 2-3 տարում Նախիջևանի օրինակով Արցախի բնակչությունն արտագաղթելու է։ Բացի այդ, հարվածի տակ է դրվել բուն Հայաստանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, միությունը նաև հայտնում է, որ սփյուռքահայությունն ու առհասարակ հայ մարդն է պատվազրկվել, իսկ եկեղեցին վարկաբեկվել է։
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը կոչ է արել ընդդիմությանը վայր դնել մանդատները
Ըստ միության` կազմաքանդվել է բանակը, իսկ իշխող «սորոսական թիմն ու կցորդ պաշտոնատար անձինք» ձախողել են դաշնակցային հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և գործընկեր Իրանի հետ` պատրաստ լինելով առաջին իսկ պատեհ պահին փոխելու քաղաքական կուրսը դեպի Արևմուտք:

«Ակնհայտ է, որ այս կարգի ու ծանրության աստիճանի վնաս Հայաստանին ու առհասարակ հայկական աշխարհին մինչև այժմ չէր պատճառվել բացահայտված կամ տեսադաշտում հայտնված օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալական ցանցերի կողմից: Ստեղծվել է ծանրագույն իրավիճակ»,–նշում է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։

Միության հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ շարունակական ձախողումները վկայում են, որ գործող իշխանությունն անզոր է բեկելու դրությունը։
ՀՀ ԱԽ քարտուղարն ասել է, թե Երևանն ինչ աջակցություն է ակնկալում Մոսկվայից