Սահմանազատման գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի` պրոցեսի ձգձգման առիթով. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ սահմանազատման և սահմանագծման առնչությամբ հայկական կողմի` նախկինում արած առաջարկություններն ուժի մեջ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Սահմանազատման և սահմանագծման գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի` պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով։ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ–ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով սահմանազատման հարցին։
«2021-ի մայիսին կառավարության նիստում հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը` սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու վերաբերյալ։ Ըստ էության, մայիսին և դրանից հետո ՌԴ–ն երեք անգամ հանդես է եկել առաջարկով և մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով առաջ գնալ»,–ասաց Փաշինյանը։
Ստեղծվել է ծանրագույն իրավիճակ. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է արել
Նրա խոսքով` սահմանազատման և սահմանագծման առնչությամբ հայկական կողմի` նախկինում արած առաջարկություններն ուժի մեջ են։
Հիշեցնենք, որ երեկ անվտանգության խորհրդի նիստ էր եղել, որի ժամանակ վարչապետը կրկին անդրադարձել էր սահմազատման հարցին։ Փաշինյանը նշել էր, որ սահմանային վեճերի մասին վեճերն անհեթեթ են և անիմաստ. չկա սահմանային վեճ, կա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա։
Նրա խոսքով` եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, ապա Ադրբեջանը վաղուց պետք է ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային հետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղադրելու և սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու մեր առաջարկը։